11 մայիսի 2018 - 13:47 AMT
ՀՀ և Վրաստանի վարչապետները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել

Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա սերտ բարիդրացիական հարաբերությունները և վերջիններիս զարգացման դրական դինամիկան։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել առավել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները։

Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները:

Հայաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ: Նրա խոսքով՝ կարևոր է, երկկողմ տնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջև առկա առանձնահատուկ կապերին, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: