16 մայիսի 2018 - 15:48 AMT
Քաղաքապետն ու Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել. Բացատրական աշխատանքներ են տարվում

Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

Երևանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ձեռնարկելու միջոցներ ցուցարարների ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։

Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ,Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող՝ Երևանի 2800-ամյակի այգու ծառերի հատման առթիվ բողոքի ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ցուցարարներն անարգել մտել են Երևանի քաղաքապետարանի շենք:

Նրանք հանդիպում են պահանջում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, միաժամանակ վանկարկում են «Տարոն, հեռացի՛ր»: Ցուցարարներից մի քանիսն իրենց հետ հատված ծառերի ճյուղեր են ներս բերել: