18 մայիսի 2018 - 11:24 AMT
Աճեմօղլու. Կոռումպացված համակարգն արմատախիլ անելը հեշտ չի լինի

Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորը պետք է հույսեր ունենան, սակայն պետք է ընդունել, որ կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անելը հեշտ չի լինի: Կոստանդնուպոլսում հայկական «Ակոս» շաբաթաթերթի հետ զրույցում այս մասին հայտարարել է աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն՝ անդրադառնալով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ հրավերին:

«Հայաստանի տնտեսությունը կառուցված է կաշառակերության վրա, ինչից երկիրը շատ է տուժել: Հիմա թե սփյուռքում, և թե Հայաստանում այս դժվարությունները հաղթահարելու մեծ հույսեր են ծագել: Մենք ավելի մրցունակ և աշխույժ տնտեսության համար նախադրյալներ ստեղծելու կարիք ունենք, և դա կարող է անել միայն և միայն Հայաստանի ժողովուրդը», - նշել է Աճեմօղլուն:

Անդրադառնալով Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մանրամասներին, տնտեսագետն ասել է, որ «չգիտի, թե որպես ոչ Հայաստանի բնակիչ որքանով կկարողանա ծառայել երկրին»:

«Սակայն պատրաստակամություն հայտնեցի առաջին իսկ հարմար առիթով Հայաստան այցելել», - ասել է Աճեմօղլուն:

Ավելի վաղ, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր հրավիրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն: