19 մայիսի 2018 - 10:30 AMT
Բիչախչյան. Քաղաքացիները կարող են միաժամանակյա գործողությունների համար դիմել անձնագրային

ՀՀ քաղաքացիները կարող են միաժամանակյա գործողությունների պահանջով դիմել անձնագրային ծառայության աշխատակիցներին: Այդ մասին իրազեկել է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նա հայտնել է, որ եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալ արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով:

«Այսինքն, քաղաքացին ստիպված չի լինի մյուս գործողության համար դիմել անձնագիր ստանալուց հետո առանձին։ Եթե անձնագրային ծառայության աշխատակիցը կմերժի միաժամանակյա գործողություններ կատարելու պահանջը, դա կհամարվի իրավախախտում»,-ասվում է Բիչախչյանի գրառման մեջ։