23 մայիսի 2018 - 12:35 AMT
Վարչապետը պահանջում է դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները

Անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու կոչին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու և լուծելու համար:

Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

Փաշինյանը խնդրում է, հորդորում և պահանջում է դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետևաբար՝ ընդդեմ ժողովրդի:

«Կոչ եմ անում մեր աջակիցներին այս ուղերձը տարածել: Նաև համանման գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, պարզաբանել, որ գործողությունների շարունակությունը կարող է մեկնաբանվել որպես սաբոտաժ և կարժանանա ժողովրդի գնահատականին: Իհարկե այս խոսակցությունը պետք է ունենալ սիրո և համերաշխության մթնոլորտում»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: