25 մայիսի 2018 - 11:40 AMT
Բաբլոյան. ԸՕ-ն կարող է փոփոխվել միայն բանակցությունների միջոցով, ինչին ՀՀԿ-ն պատրաստ է

Ընտրական օրենսգրքում փոփոխությունները կարող են արվել միայն բանակցությունների ու քննարկումների միջոցով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Նա հավելել է, որ եթե քաղաքական ուժերը կգան կոնսենսուսի, որ պետք է փոփոխություն կատարել, ապա ինչ խոսք, հարկ կլինի այդ փոփոխությանը գնալ, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե խոսքը ռեյտինգային ընտրակարգի մասին է, որն այժմ փորձ է արվում ընդհանրապես հանել Ընտրական օրենսգրքից, մինչդեռ Հանրապետականը դեմ է դրան՝ Բաբլոյանն ասել է, որ հարցերը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով։

«Ընտրակարգը կարող է փոխվել կամ շտկվել միայն բանակցությունների ու քննարկումների միջոցով, իսկ Հանրապետականը միշտ է պատրաստ եղել բանակցություններին ու քննարկումներին և հայտարարել է, որ կաջակցի բոլոր դրական փոփոխություններին»,-հավելել է Բաբլոյանը։

ԱԺ նախագահը հրաժարվել է ասել, թե ինչ հնարավորություններ ունի Հանրապետական կուսակցությունը արտահերթ ընտրությունների դեպքում. «Այսօր կանխագուշակումներ անելը այնքան էլ ճիշտ չէ»։

ԱԺ նախագահն ասել է նաև. «Այս պահին խորհրդարանը ցրելու հիմքեր չկան»։

Մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջնահերթություն են գործող կառավարության համար: «Սա չի նշանակում, սակայն, որ ընտրությունները նոր կառավարության միակ խնդիրն է, կառավարությունը պետք է գործի բնականոն ձևով և ունի ու ունենալու երկարաժամկետ ծրագրեր», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կարևորը ոչ այնքան ընտրությունների ժամկետն է, որքան որակը: