Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ստրասբուրգում կայացած հանդիպմանը բարձր է գնահատել ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքը ապրիլին և մայիսին հայաստանյան հավաքների ժամանակ:
Մայիսի 28-ի հանդիպմանը քննարկվել են Պաշտպանի աշխատանքն ու գնահատականներն ապրիլ և մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:
Քննարկման առարկա է դարձել պաշտպանի գործունեությունը՝ կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու ու գնահատականի արժանացնելու հետ և այլն, հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը:
ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ժամանակաշրջանում և նշել, որ այն մարդու իրավունքների տեսանկյունից ունեցել է կարևոր նշանակություն քաղաքացիների իրավունքների երաշխավորման առումով:
Արման Թաթոյաը նշել է, որ այդ օրերին անչափ կարևոր էր ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը՝ կապված երկրում մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ապահովման հետ:
Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունները և ընդգծել Եվրոպայի խորհրդի կառույցների ու ծրագրերի հետ հետագա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:
ԵԽԽՎ համազեկուցողները ևս բարձր են գնահատել այդ օրերին Պաշտպանի աշխատանքը և նշել են, որ իրենց հայտարարություններում այն նույնպես հաշվի են առել։