29 մայիսի 2018 - 18:27 AMT
ԵԽԽՎ-ն մտահոգ է ՀՀ նախորդ իշխանության հասցեին սոցցանցերում «ատելության խոսքով»

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում հրապարակել էԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիի (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինայի՝ (Ուկրաինա) հայաստանյան վերջին իրադարձությունների մասին զեկույցը:

Համազեկուցողները շնորհավորել են քաղաքական ուժերին և հայ ժողովրդին հեղափոխության ընթացքում դրսևորած զսպվածության և քաղաքական հասունության համար, որը տեղի ունեցավ խաղաղ պայմաններում՝ համաձայն սահմանադրական դրույթների և սկզբունքների:

«Տեղի ունեցած իշխանափոխության ձևը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորումը, ընդգծում են քաղաքական համակարգի հասունությունը, ինչպես նաև այն, որ քաղաքական ուժերը հակված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը», - նշված է զեկույցում:

Համազեկուցողները նկատել են, որ հայ ժողովուրդը արագ և խորը բարեփոխումների մեծ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից: Այս համատեքստում նշվել է, որ վարչապետի ձևավորած ներառական կառավարությունը և Նիկոլ Փաշինյանի՝ կայուն և ժողովրդավար միջավայր ստեղծելու հստակ մտադրությունը ձևավորել են ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու և ազգային անվտանգության համար անհրաժեշտ պայմանները:

«Սրանից զատ, նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական դաշնակիցների կողմից տրված այն ազդանշանները, որ դատական համակարգը լինելու է ամբողջովին անկախ՝ առանց քաղաքական միջամտության, փարատում են քաղաքական հաշվեհարդարի մտավախությունը, որի մասին լսել ենք մեր այցի ընթացքում»,-նշել են համազեկուցողները՝ հավելելով, որ որ քաղաքական գործիչների հանցավոր գործունեթյունը չպետք է անպատիժ մնա: Զեկուցողները միևնույն ժամանակ մտահոգություն են հայտնել սոցիալական ցանցերում նախորդ իշխանությունների հասցեին ուղղված «ատելության խոսքի» դրսևորումների առթիվ:

Զեկուցողները նաև ընդգծել են արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ դրանց համար նոր կառավարության կողմից համապատասխան պայմաններ ձևավորելուն պես:

«ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարության հաստատման ճանապարհին», - եզրափակվում է զեկույցը: