Վրաստանում բողոքի ակցիաներ են սկսվել՝ պահանջում են վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականը: Նա անձամբ է գնացել խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարների մոտ, սակայն վերջիններս պլաստիկ շշեր են նետել նրա ուղղությամբ՝ վանկարկելով «Հեռացիր»:
Բողոքի ցույցերը սկսվեցին, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակեց 16-ամյա դեռահասների սպանության գործով դատավճիռները՝ մեղադրյալներից մեկն արդարացվեց, մյուսի մեղադրանքը կանխամտածված սպանությունից փոխվեց կանխամտածված սպանության փորձի, գրում է Lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 1-ին: Թիվ 51 դպրոցում վիճաբանություն էր առաջացել 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների միջև, իսկ ավելի ուշ դանակահարություն էր տեղի ունեցել մեկ այլ դպրոցի անչափահասների մասնակցությամբ: Վերջիններս օգնության էին եկել 9-րդ դասարանի աշակերտներից մեկին: Դատավճիռը վրդովեցրել էր նաև դատախազներին:
Դատավճիռը վրդովեցրեց դատախազին, մեղադրող կողմը հայտարարել է վերաքննիչ դատարան դիմելու մտադրության մասին: Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել:
Սպանվածներից մեկի հայրը հայտարարել է, որ վարչապետը եկել էր ոչ թե իրեն ցավակցելու, այլ «մեկ անգամ էլ խաբելու»:
Ավելի ուշ հատուկ ճեպազրույցում Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ նոր հետաքննությունը թափանցիկ կլինի և նա իր անձնական հսկողության տակ է առնելու այն:
Մայիսի 12-ին Թբիլիսիում բողոքի ցույցեր էին ուժայինների գործողությունների դեմ, որոնք ստուգայցեր էին անցկացրել գիշերային ակումբներում՝ ձերբակալելով 8 թմրանյութ վաճառողի: