Սաուդյան Արաբիայի ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը սկսել է վարորդական իրավունք տրամադրել կանանց:
Հունիսի 4-ին առաջին 10 կանայք ստացել են ավտոմեքենա վարելու իրավունք: Նրանք նախապես հանձնել էին մեքենա վարելու քննությունը: Բացի այդ, նրանք բոլորն արդեն ունեին վարորդական իրավունքներ այլ երկրներում, այդ թվում՝ Լիբանանում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում, գրել է Meduza-ն Associated Press-ի վրա հղումով:
Սաուդյան Արաբիայի ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը մտադիր է ամբողջությամբ չեղարկել մեքենա վարելու արգելքը կանանց համար հունիսի 24-ից:
Սաուդյան Արաբիան աշխարհի միակ երկիրն էր, որտեղ կանանց թույլ չէին տալիս մեքենա վարել: Այդ արգելքը գործում էր 1950-ականներից:
Կանանց սոցիական կարգավիճակի փոփոխությունը Սաուդյան Արաբիայի Vision 2030 ռազմավարության մաս է կազմում: Մարտին թագավորության կանանց թույլատրվեց ծառայել զինված ուժերում՝ ընդհանուր առմամբ 140 թափուր տեղ բացվեց, իսկ կանանց հայտերը բանակում ծառայելու համար 107.000-ից ավելի էին: