Հունիսի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը՝ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, հետաձգել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին ներկայացված միջնորդության վերաբերյալ հարցի լուծումը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը:
«Ներկայացված միջնորդությանը պետք է անդրադառնալ վերաքննիչ բողոքներին փաստարկներին ըստ էության անդրադառնալիս ու վերջնական դատական ակտ կայացնելիս», -որոշումը հրապարակել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։ Դատավորը նաև նշել է, որ բողոքները մոտ ապագայում կստանան վերջնական լուծում։
Ավելի վաղ,ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը երաշխավորություն են ներկայացրել «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին:
2015-ի դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, Գևորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում փորձել էր տոնածառ տեղադրել, նշել Ամանորը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրել են այդ գիշերը ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
«Տոնածառի գործով» ամբաստանյալ Սաֆարյանին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: