8 հունիսի 2018 - 16:10 AMT
Քաղավիացիա. Իրանը շարունակում է դեպի ՀՀ չվերթներ իրականացնելը

Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղիղ չվերթները շարունակվում են իրականացվել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Սոցիալական ցանցերում տեղեկություն էր շրջանառվում, որ իրանական ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Հայաստան ուղիղ չվերթները:

Հովհաննիսյանը նշել է, որ չեղարկվել է ընդամենը հինգ չվերթ, ինչը պայմանավորված է կոմերցիոն ինչ-ինչ պատճառներով:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է աշխարհի բոլոր օդանավակայաններին, որ պատժամիջոցների տակ գտնվող Իրանի ավիաընկերությունների հետ գործակցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նրանց համար:

ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ, ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի պատասխանատու Սիգալ Մանդելքերը հայտարարել է, որ պատժամիջոցների տակ գտնվող Իրանին չաջակցելու ձևերից մեկը գործակցության դադարեցումն է իրանական ավիաընկերությունների հետ, քանի որ դրանք Սիրիա են փոխադրում իրանցի զինյալներին: