9 հունիսի 2018 - 11:28 AMT
Թանկյանը՝ Բուրդենի մասին. Պատիվ եմ ունեցել ուղեկցել նրան Հայաստանում

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ցնցված է հանրահայտ խոհարար և CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահվան լուրով: Այդ մասին նրա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ իր համար պատիվ էր ուղեկցել նրան Հայաստանում:

Ամերիկացի հայտնի շեֆ խոհարար, գրող և հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենը վախճանվել է հունիսի 8-ին Ֆրանսիայում: Նա 61 տարեկան էր: Նա ինքնասպան է եղել:

«Ցնցված եմ Էնթոնի Բուրդենի մահվան լուրով: Մենք կորցրեցինք կյանքի, խոհանոցի, մշակույթի և ճշմարտության ազնիվ մի ջատագովի: Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ ժամանակ անցկացնել Հայաստանում CNN-ի համար նկարահանումների ժամանակ: Մեր սերն ու ցավակցությունը նրա ընտանիքին և նրան ճանաչողներին»,- ասվում է Թանկյանի գրառման մեջ:

Էնթոնի Բուրդենը իր խոհարարական Parts Unknown հաղորդման պատրաստման համար ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, իսկ 2017-ի աշնանը եղել է Հայաստանում: Նրան ուղեկցում էր Սերժ Թանկյանը: Հայտնի հաղորդավարը նաև Արցախ էր այցելել՝ իր «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ տեղանքներ» հեռուստաշոուի համար ռեպորտաժ նկարահանելու նպատակով: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց նրան սև ցուցակում ընդգրկելու մասին: