9 հունիսի 2018 - 14:53 AMT
«Կապան» ԲԿ-ի բաժանմունքի վարիչը 830.000 դրամ է հափշտակել

«Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը, օգտագործելով պաշտոնեական դիրքը 830.000 դրամի հափշտակություն է կատարել: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ բաժանմունքի վարիչը հիվանդանոց ընդունված ու պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացած մի տղամարդու վիրահատության համար նրա մորից խաբեությամբ պահանջել ու ստացել է 300.000 դրամ:

Նույն հիմունքներով բուժօգնություն ստացած մեկ այլ քաղաքացու մորից էլ՝ 245.000 դրամ, մեկ ուրիշի կնոջից էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 35․000 դրամ՝ դարձյալ վիրահատության համար։ Բացի այս ոստիկանները պարզել են, որ «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը հիվանդանոց ընդունված և ապահովագրական միջոցներով բուժօգնություն ստացած մի տղամարդուց էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 250.000 դրամ` հափշտակելով ընդհանուր 830.000 դրամ։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։