9 հունիսի 2018 - 15:25 AMT
Մակունցը պատրաստ է տեղափոխել մշնախը Գյումրի, եթե անհրաժեշտ լինի

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ամբողջ կազմով տեղափոխվել Գյումրի: Այս մասին նա հայտնել է Գյումրիում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է shantnews.am-ը:

«Այստեղ կա միայն ադմինիստրատիվ խնդիր: Նկատի ունեմ՝ կառավարության նիստերի հետ կապված հրատապ հանդիպումների կարիք է լինում: Հենց հասկանանք՝ այդ խնդիրներն ինչպես ենք կարողանում հասցեագրել, նաև շենքի հարցը կարգավորվի, պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր»,- ասել է նախարարը:

Մակունցի կարծիքով՝ մշակույթի նախարարությունը չպետք է լինի մարզ տեղափոխվող միակ գերատեսչությունը:

Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը շրջանառվում է դեռևս 2012 թվականից: Նման հարցադրման հիմքն այն է, որ այսպիսով 2 հարց են փորձում լուծել՝ բեռնաթափել մայրաքաղաքը և վերականգնել Գյումրիի՝ որպես մշակութային քաղաքի, կոլորիտը։ Տարբեր տարիներին քննարկվել է Երևանը թեթևացնելու, տարբեր գերատեսչություններ Երևանից մարզեր տեղափոխելու հարցը։