12 հունիսի 2018 - 11:13 AMT
Բակո Սահակյան. 2020-ին Արցախում նախագահի ընտրությանը չեմ առաջադրվելու

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ինքը՝ Սահակյանը։

«2020-ին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի նախագահի ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին»,- ասել է Բակո Սահակյանը։

Սահակյանն ասել է, որ իր մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի քաղաքացի, որը ընտրում է նոր նախագահ։

«Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից։ Քանի որ տեղի են ունենալու նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես որպես գործող նախագահ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ», - ասել է Բակո Սահակյանը:

Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020թթ. երկրի համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է 2007 թվականից, 2017-ի հուլիսին ԱԺ-ում վերընտրվել էր նախագահ՝ անցումային փուլի համար։