13 հունիսի 2018 - 18:41 AMT
Տոնոյան. Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել շփման գծում իրավիճակը

Ադրբեջանը շարունակում է շփման գծում իրավիճակի ապակայունացման գործողությունները, մասնավորապես` դիպուկահար կրակը, հանգեցնելով նոր զոհերի: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասինտարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ասել է նախարար Դավիթ Տոնոյանը:

Համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի խնդրանքով նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին:

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը` փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ: Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում ցանկացած շարժ:

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժերը շփման գծում: