15 հունիսի 2018 - 14:32 AMT
Պեսկով. Փաշինյան-Ալիև հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Մոսկվայում նրանց առաջին ծանոթությունն էր, հետագա շփումների մասին խոսելը վաղաժամ է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Վաղաժամ է այդ մասին խոսելը, դա նրանց առաջին հանդիպումն էր: Ուստի դեռևս վաղաժամ է խոսել ինչ-որ շարունակության մասին»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով եռակողմ կամ երկկողմ ձևչափով ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ հայտնել էր, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է իրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին Մոսկվայում փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների համար, որոնք ժամանել էին մասնակցելու ֆուտբոլի ԱԱ-2018-ի բացմանը: «Այդ շրջանակում նա ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ: Տեղի ունեցավ, այսպես ասած, ծանոթության արարողություն: Որևէ զրույց չի եղել, որևէ թեմա չի քննարկվել»,-ասել է վարչապետը: