Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ին օպերատիվ գործողություն է սկսել Էջմիածնում, այդ թվում` քաղաքապետարանում և ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Այդ տեղեկությունը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:
ԱԱԾ-ն գործողություն է իրականցնում Էջմիածնի մի քանի վայրերում, ըստ որոշ տեղեկությունների, նաև քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի մոտ, որն առավելապես հայտնի է որպես Դոն Պիպո:
Վերջին օրերին Էջմիածնում բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը՝ նա գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Էջմիածնում հանրահավաքի կազմակերպիչն է քրեական հեղինակություն համարվող և Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։