18 հունիսի 2018 - 15:44 AMT
Զեկույց․ ՀՀ-ն Ֆինլանդիայից զենք-զինամթերք է ներմուծել

2017 թվականին ՀՀ-ն Ֆինլանդիայից ներմուծել է 25440 եվրոյի ռազմական արտադրանք։

Այս մասին է ասվում Saferglobe կազմակերպության «Ֆիննական զենքի վերահսկման զեկույցում»։

ՀՀ ՊԵԿ մաքսային տեղեկագրերում 2017 թվականի ընթացքում Ֆինլանդիայից 54 հատ, $72,4 հազար մաքսային արժեքով 9303 ապրանքային խմբին պատկանող զինատեսակների ներմուծման մասին է խոսվում՝ չմանրամասնելով դրանց տեսակի մասին։ 9303 ապրանքային խմբին են, սակայն, պատկանում սպորտային, որսորդական ու նման տիպի զինատեսակներ։

Ֆիննական զեկույցն, իր հերթին, չի մանրամասնում՝ ինչ զինատեսակ կամ զինամթերք է ներկրվել Ֆինլանդիայից և ինչ քանակությամբ, սակայն նշում է, որ այն եղել է ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական նշանակության։

Բաց աղբյուրներից հայտնի է, որ ՀՀ զինված ուժերի զինանոցում առկա են, մասնավորապես, ֆիննական SAKO TRG սերնդի դիպուկահար հրացաններ։

Լուսանկարում՝ դիպուկահարը SAKO TRG հրացանով․ կադրը՝ «Զինուժ» հաղորդաշարից