ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որոշ հեռուստաընկերություններում հակապետական քարոզչության մասին գրառումը չի վերաբերում կառավարության հասցեին հնչող քննադատությանը: Այս մասին PanARMENIAN.Net – ի հետ զրույցում ասել է Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Հարցին, թե կոնկրետ որ հեռուստաընկերությանը կամ հեռուստաընկերություններին նկատի ուներ վարչապետը, Եղոյանը չպատասխանեց՝ նշելով, որ գրառման հասցեատերերը գիտեն` ինչ է նկատի ունեցել վարչապետը:
Անդրադառնալով որոշ կազմակերպությունների և գործիչների արձագանքին, համաձայն որի վարչապետի գրառումը կարող է միջամտություն համարվել խոսքի ազատությանը` Եղոյանն ասաց, որ այդպիսի միջամտությունն աննկատ չէր մնա, և որ վարչապետը պարզապես հրապարակավ հորդորել է չզբաղվել հակապետական քարոզչությամբ:
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ և հորդորել «չշփոթել իշխանության բարեկրթությունը թուլության կամ միամտության հետ»:
Այս գրառմանն արձագանքել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հրավիրելով դրա վրա լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների ուշադրությունը: