19 հունիսի 2018 - 16:56 AMT
Վարչապետն ասել է՝ չի ուզում մամուլին տրված ազատությունն «ի չարս օգտագործվի»

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, թե կոնկրետ որ հեռուստաընկերություններին է վերաբերել իր՝ հակապետական քարոզչությամբ չզբաղվելու մասին ֆեյսբուքյան գրառումը:

«Եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացվի ուզում եմ թիրախավորել։ Ես ընդամենն ահազանգ, խնդրանք, կոչ եմ հնչեցնում», -նշել է Փաշինյանը

Փաշինյանն ասել է՝ ԶԼՄ-ները պետք է մեծ պատասխանտվությամբ վերաբերվեն իրենց հրապարակումներին:

«Ես հասկանում եմ, որ նախկինում համապատասխան մարմինների կողմից ԶԼՄ-ներին ասվել է ամեն ինչ՝ ինչպես գրել և ինչ ասել: Չեմ ուզում, որ այս իրավիճակը, երբ այլևս նման երևույթ չկա, ի չարս օգտագործվի», - ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ և հորդորել «չշփոթել իշխանության բարեկրթությունը թուլության կամ միամտության հետ»:

Այս գրառմանն արձագանքել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հրավիրելով դրա վրա լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների ուշադրությունը: