20 հունիսի 2018 - 15:58 AMT
Խորհրդարանական ուժերն ուզում են մասնակցել ԸՕ բարեփոխման քննարկմանը. ՀՀԿ-ից Վիգեն Սարգսյանն է ընդգրկված

ՀՀ ԱԺ խորհրդարանական 4 ուժը պատրաստակամություն է հայտնել սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ:Աշխատանքային խումբը պատրաստակամ է գործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ», - նշվում է խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են` Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից, Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը՝ «Ծառուկյան» խմբակցությունից, «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը, Գրիգորի Դոխոյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Լուսինե Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող կստեղծվի: