25 հունիսի 2018 - 18:53 AMT
Միրզոյան. Թույլ չենք տա ընտրակաշառքով քարոզչություն անել և անունը դնել բարեգործություն

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին, հայտարարել է, որ գործող իշխանությունները թույլ չեն տալու ընտրակաշառքով քարոզչություն անել և «անունը բարեգործություն դնել»: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Առաջին փոխվարչապետն ասել է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են մեկ տարվա ընթացքում, սակայն հստակ ժամկետ չի նշել:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին՝ Միրզոյանն ասել է, որ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու մոտեցում է շրջանառվում՝ ունենալ ամբողջովին «մաքուր համամասնական ընտրակարգ կամ խառը ընտրական համակարգ»:

«Այսինքն՝ երբ մի համամասնական ցուցակ կա, բայց քաղաքացին կարող է այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով։ Երկուսն էլ դեռ շրջանառվող վարկածներ են, որևէ որոշում չկա»,- ասել է փոխվարչապետը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող է ստեղծվել:

Գործընթացին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև խորհրդարանական 4 ուժը՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ ձևավորելով աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: