27 հունիսի 2018 - 15:06 AMT
Արայիկ Խանդոյանը՝ ոստիկան Տեփանոսյանի զոհվելուց հետո. «Մենք չենք կրակել, ձեր դիպուկահարներն են»

2016 թվականին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին ռադիոկապի միջոցով շփումներ են եղել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների, ինչպես նաև գունդը շրջափակած ուժայինների միջև: «Առավոտ» թերթի փոխանցմամբ, խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում դատավարության կողմերը լսել են գործի նյութերում առկա ապացույցներից ռադիոհաղորդակցության ձայնագրությունները:

Ռադիոկապով երկխոսություններից մեկը եղել է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությունից հետո. խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», դիմել է ոստիկանության ծառայողին՝ ասելով՝ «դրանք մեր կրակոցները չեն, դրանք ձեր դիպուկահարներն են մեզ վրա աշխատում»: Ի պատասխան՝ ոստիկանության աշխատակիցն ասում է՝ «կրկնում եմ՝ մեր ծառայողն է զոհվել ձեր կրակոցից: Զենքերը վայր դրեք: Կամ հանձնվեք, կամ համարժեք պատասխան կստանաք»:

«Մայո՜ր, ասում եմ՝ նման բան չկա, մենք չենք կրակել: Դա ձեր դիպուկահարներն են: Քանի դեռ պատերը չեք քանդել-ներս մտել, մենք կրակողը չենք»,- ասել է Խանդոյանը:

Ռադիոկապով մեկ այլ երկխոսության ժամանակ Խանդոյանը դիմել է զինված խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանին, ասելով, որ վերջինս ոչ մի կրակոց չարձակի:

«Արեգ ջան, ոչ մի կրակոց չլինի, մենակ ներխուժման դեպքում: Ձեր տեղերը չմատնեք, ոչ մի բան չփորձարկեք», - ասել է նա:

ՊՊԾ գնդի գրավման օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում երեք ոստիկան է զոհվել. սպանության մեղադրանքներ են առաջադրված խմբի անդամներից Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին: Վերջինս մեղադրվում է ոստիկաններ Արթուր Վանոյանի ևՅուրի Տեփանոսյան սպանությունների մեջ:

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել էրՀՀ ոստիկանությանՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկաններին: Գրավման օրերին երեք ոստիկան է զոհվել: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել էրհուլիսի 30-ին ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա դիպուկահարի կրակոցից: