29 հունիսի 2018 - 12:30 AMT
Նախագիծ. Դատավորը ստացած թույլատրելի չհամարվող նվերը պետք է հանձնի պետությանը

Դատավորն իր ստացված թույլատրելի չհամարվող նվերը պետք է հանձնի պետությանը. հանձնելու կարգը նկարագրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված համապատասխան նախագծում:

Նշվում է, որ ըստ սահմանադրական օրենքների, դատավորի կողմից թույլատրելի չհամարվող նվեր ստանալու դեպքում նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերը ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

Եթե սահմանված ժամկետում նվերը չի վերադարձվում կամ վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չի լինում, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել ՀՀ Կառավարության սահմանած կարգով:

Նախագով սահմանվում է հանձնվող նվերի ընդունման համար իրավասու պետական մարմինը, նվերը կամ նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում դրա համարժեք գումարը փոխանցելու համար կնքվող փաստաթուղթը, նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում վճարվող գումարի համարժեքության ճշգրտման ընթացակարգը, նվերի հանձնման հետ կապված ծախսերի իրականացման կարգը, հանձնվող նվերի հետագա տնօրինման կարգը:

Նշվում է, որ թույլատրելի չհամարվող նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա. այն հանձնում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման կոմիտեն: Այն ստանալուց հետո կոմիտեն նվերի շուկայական գինը որոշելու նպատակով պատվիրում է փորձաքննություն: Նվերի շուկայական գինը որոշվում է դատավորի կողմից նվերը ստանալու օրվա դրությամբ:

Եթե փորձաքննության արդյունքով պարզվում է, որ նվերի իրական արժեքը բարձր կամ ցածր է որպես համարժեք գումար փոխանցված գումարից, ապա կոմիտեն այդ մասին ծանուցում է դատավորին՝ կցելով փորձագետի եզրակացությունը: Ծանուցումը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում կոմիտեն և դատավորը հանձնման-ընդունման ակտի հիման վրա փոխանցում են գումարի տարբերությունը: