29 հունիսի 2018 - 15:20 AMT
Պուտին. ՌԴ-ն և ՀՀ-ն ամուր կապված են բարեկամությամբ և ռազմավարական գործընկերությամբ

Ռուսաստանն ու Հայաստանը շաղկապված են բարեկամության և ռազմավարական գործընկերության ամուր կապերով: Այդ մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին և հյուրերին հղած ուղերձում:

«Մեր պետությունների միջև բովանդակային քաղաքական երկխոսություն կա տարբեր մակարդակներում, ակտիվ զարգանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար գործակցությունը»,-ասվում է Պուտինի ուղերձում:

Ըստ նրա, հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում կարևոր դերակատարություն ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազում համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում:

«Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում ձեզ կհաջողվի նոր հետաքրքիր գաղափարներ ու առաջարկություններ մշակել, որոնք կնպաստեն ՌԴ և ՀՀ գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը եվրասիական տարածքում»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովը սկսել է աշխատանքը հունիսի 29-ին Երևանում: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: