29 հունիսի 2018 - 14:01 AMT
ՀՀ նախագահ. ՀՀ-ն շահագրգռված է «Հազարամյակի մարտահրավերների» հետ գործակցության վերսկսմամբ

Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ի առավոտյան աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմի հետ:

Նախագահը կարևորել է երկկողմ տնտեսական գործակցության խթանմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ համագործակցության վերսկսմամբ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև բարձր մակարդակի այցելությունների ակտիվացումը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Արմեն Սարգսյանը հանդիպում և հարց ու պատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաև այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ:

Նույն օրը Հանրապետության նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, ինչպես նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ:

Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խումբի հետ: Հունիսի 27-ին նա այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: