30 հունիսի 2018 - 15:36 AMT
Գրիգորյանի փաստաբանին սպառնած անձ. Դրանք միայն խոսքեր էին

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին Facebook սոցցանցում սպանության սպառնալիքներով դիմած անձը բացատրություններ է տվել ոստիկանությունում: Նա ասել է, որ դրանք ուղղակի խոսքեր են եղել, ասվել են պահի ազդեցության տակ և ինքը ոչ մի գործողություն մտադիր չէր ձեռնարկել:

Սպառնալիքների հեղինակ, Երևանի բնակիչ Կարեն Սաթյանը նշել է նաև, որ նպատակ չի ունեցել վնասել փաստաբանին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան, և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-13։20-նն ընկած ժամանակահատվածում, Facebook սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել էր, որ նրան սպառնացող օգտատերը Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանն է, որը հունիսի 23-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։