7 հուլիսի 2018 - 15:41 AMT
Խաչատուրով. ՀԱՊԿ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին դեպքերի զարգացման դինամիկայով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում ստացվող տեղեկություններին հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ մեկնաբանելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքէջում:

Խաչատուրովը նշել է, որ 2018-ի հունիսի 11-ին Ալմաթիում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ՀՀ հետ Ադրբեջանական Հանրապետության սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ վերադասավորումների ինտենսիֆիկացման և ինժեներական աշխատանքների կատարման նպատակով չեզոք գոտում նրանց առաջխաղացման մասին:

Վերահաստատելով հարցերի խաղաղ կարգավորման համար մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու կարևորությունը՝ ՀԱՊԿ քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը միակ կազմակերպությունն է, որը ունի միջազգային հանրության համապատասխան մանդատը, ինչը հաստատվում է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների 2017-ի հայտարարության մեջ:

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

Ընթերցեք նաև.ՊՆ ղեկավարը Նախիջևանի սահմանին. Հակառակորդի ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկել