9 հուլիսի 2018 - 11:25 AMT
453 մլն դրամ՝ աղետի գոտու 44 ընտանիքի բնակապահովմանը

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 453 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզում ծրագրի շահառու ճանաչված 44 ընտանիքի: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ նախատեսվում է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ այն ստացող ընտանիքը՝ ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում ավատին հասցնի իր բնակելի տան շինարարական աշխատանքները և արդեն ավարտված բնակելի տան նկատմամբ գրանցի ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

Նախագծով կարգավորված են նաև ֆինանսական աջակցության տրամադրման ընթացակարգի, պայմանների, դրանց չկատարման հետևանքների հետ կապված հարցերը:

Աղետի գոտում պետաջակցությամբ բնակապահովման ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4 մլրդ. դրամ: Խնդրի ամբողջական լուծումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ: