9 հուլիսի 2018 - 12:30 AMT
Ղրղզստանի նախագահը ոգեշնչվել է Փաշինյանի՝ ապօրինի գումարները պետբյուջե վերադարձնելու օրինակից

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ոգեշնչվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինաբար յուրացված գումարները պետական բյուջե վերադարձնելու օրինակից: Այս մասին գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը:

«Ղրղզստանի նախագահը, ոգեշնչվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռքբերված միջոցները վերադաձնելով նոր հիմնադրամներ ստեղծելու փորձից, հուլիսի 1-ից հայտարարել է բոլոր պաշտոնյաների ծախսերը ստուգելու անհրաժեշտության մասին», -գրում է պարբերականը:

Նշվում է նաև, որ դեֆոլտի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված Ժեենբեկովը առաջարկել է քաղաքացիներին գումար հավաքել և ընդհանուր ջանքերով մարել երկրի $4,4 մլրդ կազմող արտաքին պարտքը:

Մայիսի 8-ին ԱԺ-ի կողմից Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, երկրում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ կապվող կոռուպցիոն մի շարք հանցագործությունների բացահայտումներ են եղել: Բացահայտումների արդյունքում վերականգնեվել է պետությունից յուրացված մոտ 18 մլրդ դրամ: