Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ համաներում կիրականացվի. վարչական ակտերով նախատեսված 13,3 մլրդ դրամի տուգանք կներվի մոտ 150.000 վարորդի: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստում:
Համաներումը չի կիրառվելու երթևեկության կանոնների բացառությամբ բոլոր տեսակի խախտումների դիմաց սահմանված տուգանքների վրա, լինելու են իրավախախտումներ, որոնց համար սահմանված տուգանքները չեն ներվելու:
Այդ բացառություններն են՝
- առանց համապատասխան թույլտվության մեքենայի վրա կարմիր և կապույտ լուսային ազդնաշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքերը տեղադրելը,
- օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերներն օգտագործելը,
- առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշի տրանսպորտային միջոցներ վարելը,
- տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը,
- դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղին սպասարկելու ժամկետը լրանալուց հետո չվերադարձնելը,
- ոչ սթափ վիճակում վարելը,
- ոստիկանի կանգառ ազդանշանին չենթարկվելը,
- առանց ԱՊՊԱ կտրոն փակցնելու երթևեկելը: