12 հուլիսի 2018 - 15:48 AMT
Եվրահանձնաժողովի նախագահ. ՀՀ-ում զարգացումները ոգևորել են ԵՄ-ին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգևորել է ԵՄ-ին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Յունկերը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար և հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ-ի ինստիտուցինոլ, ֆինանսական և խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային:

«Հայաստանում արդեն մոտ երկու ամիս տևող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,- ասել է Փաշինյանը:

Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: