Բրիտանական Aston Martin-ը, Քրենֆիլդի համալսարանը, Cranfield Aerospace Solutions-ը և Rolls-Royce-ը ներկայացրել են Volante Vision Concept թռչող տրանսպորտային միջոցի կոնցեպտը:
Ինքնակառավարվող ինքնաթիռն ուղղահայաց թռիչքով և վայրէջքով (VTOL) կարող է 3 ուղևոր փոխադրել: Ինքնաթիռը նախատեսված է բարձր աստիճանի հարմարավետությամբ թռիչքների համար քաղաքներում և քաղաքամերձ բնակարաններում, գրում է «Վեդոմոստին»:
Aston Martin-ը մշակել է դիզայնը, Rolls-Royce-ը՝ հիբրիդային էլեկտրական ուժային կայանքը, Քրենֆիլդի համալսարանը և Cranfield Aerospace Solutions-ը՝ էլեկտրոնիկան, այդ թվում ավտոպիլոտն ու էլեկտրական համակարգերը:
Քաղաքների բնակչությունը շարունակում է աճել, խցանումները ևս չեն պակասելու, կարծում է Aston Martin-ի գլխավոր տնօրեն Էնդի Փալմերը: Օդային փոխադրումներն ապագայի տրանսպորտի կարևորագույն մասն են լինելու, կարծում է նա:
«Մենք քաղաքային տրանսպորտի զարգացման նոր փուլի սկզբում ենք, ուղղահայաց շարժունակությունն այլևս ֆանտազիա չէ»,-կարծում է Aston Martin-ի դիզայնի գծով տնօրեն Մերեկ Ռայքմանը: Ճոխ ինքնաթիռի կոնցեպտն առավելագույնս համադրում է արվեստն ու տեխնոլոգիաները, ասում է նա:
Նախագծի տեխնիկական մանրամասները չեն հրապարակվում:
Aston Martin-ը, լինելով սպորտային ավտոմեքենաների արտադրող, ձգտում է ընդլայնել գործունեությունը և ներկայանալ որպես լյուքսային բրենդ՝ թողարկելով արագընթաց մոտորանավակներ և դիզայներական պայուսակներ: Ուղղահայաց թռիչքով և վայրէջքով ավիատաքսիի և մասնավոր օգտագործման ինքնաթիռների մշակմամբ են զբաղվում ավիաարտադրության առաջատարներն ու բազմաթիվ սկսնակ ընկերություններ: