17 հուլիսի 2018 - 18:19 AMT
Հայրապետյան. Եթե ԱԱԾ պետը առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում՝ ես չեմ առաջադրվի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ եթե ՀՀ ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար հավակնություններ ներկայացնի, ապա ինքն այլևս չի առաջադրվի այդ պաշտոնում, հայտնում է Football365.am-ը:

«Եթե Արթուր Վանեցյանը ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ապա իմ կարծիքով դա լավագույն լուծումը կլինի: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. նրա ղեկավարությամբ պայմանավորված խաղերը կբացառվեն», - ասել է Հայրապետյանը:

Նա անդրադարձել է նաև ֆեդերացիայի ակումբների՝ իր դեմ արված հայտարարություններին:

«Ակումբների ղեկավարներն իմ դեմ վայնասուն են բարձրացրել: Սա միշտ եղել է: Ինձ մեղադրում են սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ, մինդեռ նրանց կողմից նշված հարցերում օրենքի կետ չկա: Իմ սեփականությունն է կուզեմ կտամ, չեմ ուզի չեմ տա», - ասել է նա:

Նա նաև նշել է, որ հրաժարական չի տալիս, և «մամուլում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Ավելի վաղ, ՀՖՖ մի շարք ակումբներ Հայրապետյանի գործունեության դեմ հայտարարություններ էին տարածել:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ կարող է դիմել սպորտային արբիտրաժային դատարան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների և դրա նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծման հետ կապված:

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նույնպես դժգոհել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքից: