19 հուլիսի 2018 - 10:26 AMT
Բաբլոյան. Եթե ադրբեջանական կողմը դիմի ագրեսիայի, դա լրջագույն վտանգ կլինի տարածաշրջանի հետագա զարգացման համար

Եթե ադրբեջանական կողմը դիմի ագրեսիայի, դա լրջագույն վտանգ կլինի տարածաշրջանի հետագա կայուն զարգացման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ, Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ հանդիպմանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ եթե ադրբեջանական կողմը դիմի ագրեսիվ գործողությունների, ապա դա վերջ կդնի ժողովրդավարությանը թե՛ Հայաստանում, և թե՛ առհասարակ տարածաշրջանում: Արա Բաբլոյանը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Վայլերի ջանքերն ու հետևողական աշխատանքը ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել հարստացնելու, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայանպաստ գործունեություն իրականացնելու հարցում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական փոխգործակցությունն այսուհետ ևս շարունակելու է զարգանալ ու ընդլայնվել:

Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն աջակցում է բոլոր այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են պետականաշինության ու հասարակության զարգացման համար:

«Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով տարածաշրջանում մի շարք երկրներից տարբերվում է», - նշել է Արա Բաբլոյանը և մտահոգություն հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինուժի կուտակումների կապակցությամբ:

Ալբերտ Վայլերն իր հերթին կարևորել է հայ-գերմանական կապերի առավել զարգացումն ու խորացումը մի շարք ոլորտներում՝ այս հարցում ընդգծելով տարբեր մակարդակներում փոխայցերի դերը: Պատգամավորը ողջունել է այն փաստը, որ Հայաստանում վերջին զարգացումները խաղաղ ճանապարհով ընթացան, ինչը, նրա խոսքով, դրական գնահատականի է արժանացել միջազգային ասպարեզում:

Անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը՝ Ալբերտ Վայլերն այս գործընթացում աջակցության և փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել, ինչը ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

Գերմանացի պատգամավորի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները պետք է իրականացվեն ոչ հապճեպ և կենսունակ լինեն ապագայի համար: Այս համատեքստում Արա Բաբլոյանը փաստել է, որ մեր երկրին անհրաժեշտ են կառուցողական բարեփոխումներ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների խորացմանը վերաբերող այլ հարցեր ևս:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արմեն Աշոտյանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին: Նամակը վերաբերում է գերմանական Rheinmetallընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրին։