26 հուլիսի 2018 - 11:24 AMT
ՀՀ-ն ու ՌԴ-ն կարող են Կինոյի հիմնադրամ ստեղծել՝ աջակցելու համատեղ նախագծերին

Հայաստանը և Ռուսաստանը կարող են Կինոյի հիմնադրամ ստեղծել համատեղ կինոնախագծերին աջակցելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը՝ հիշեցնելով, որ արդեն քննարկել է այդ գաղափարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մենք ունենք համատեղ կինոնախագծեր, մի քանի տարի առաջ «Երկրաշարժ» ֆիլմը էկրան բարձրացավ, այս տարի՝ «Սպիտակը», որը Մոսկվայի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Արծաթե Գեորգի» մրցանակին լավագույն ռեժիսուրայի համար»,- ասել է Մեդինսկին՝ նշելով, որ երկու երկրները բավականին շատ հետաքրքիր ընդհանուր թեմաներ ունեն, որոնք կարող են այս կամ այն ֆիլմի հիմքում լինել, ասվում է ՌԴ մշակույթի նախարարության կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նրա խոսքով, ընդհանուր կապիտալով հիմնադրամը կարող է հանդես գալ որպես պատվիրատու ինչպես ֆիլմարտադրության, այնպես էլ համատեղ ֆիլմերի առաջմղման գործում, ընդ որում, հիմնադրման մեխանիզմը կարող է «շատ պարզ լինել», առանց «բյուրոկրատական կառուցվածքի»:

«Դա կարող է լինել որևէ իրավաբանական անձ, որը տնօրեն կունենա և հայկական, և ռուսական կողմից, և փորձագիտական խորհուրդ, որոնք կորոշեն, թե որ նախագծերին են աջակցելու։ Դրանք կարող են լինել ինչպես սոցիալական, այնպես էլ կոմերցիոն ֆիլմեր»,- ասել է Մեդինսկին՝ հավելելով, որ հիմնադրամը, օրինակ, կարող է գումար հատկացնել, հետո վերադարձնելու պայմանով։

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր հերթին կինոյի հայ-ռուսական հիմնադրամի ստեղծումը լավ գաղափար է համարել։ «Պետք է հասկանալ, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, ինչ ձևաչափով, մարդկային և ֆինանսական ինչ ռեսուրսներ են հարկավոր»,- ասել է նա:

ՌԴ մշակույթի նախարարը հրավիրել է Մակունցին մասնակցելու Սանկտ Պետերբուրգի VII միջազգային մշակութային համաժողովին, որն անցկացվելու է նոյեմբերի 15-17-ը: