31 հուլիսի 2018 - 10:43 AMT
ՀՀ դեսպանատունը ՌԴ-ից պահանջել է պարզաբանել կալանավայրում ՀՀ քաղաքացու մահը

Ռուսաստանի Վլադիմիրի մարզի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Գոռ Գառնիկի Հովակիմյանի (ծնված՝ 1986թ․) մահվան պատճառների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ դեսպանությունը դիմել է ՌԴ համապատասխան մարմիններին։ Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կալանավայրերից մեկում դաժանաբար խոշտանգվել և սպանվել է 33-ամյա Գոռ Հովակիմյանը, սակայն քրգործ չի հարուցվել, իսկ կալանավայրի ղեկավարությունը փորձել է թաքցնել հարազատներից մահվան փաստը: Այդ մասին ռուսական «Նովայա գազետա» պարբերականին է գրել մահացածի քույրը՝ Անի Սիմոնյանը:

«Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում »,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Գաղութի ղեկավարությունը թաքցրել է մահվան փաստը, որպեսզի դին ճանաչվի չպահանջված և հուղարկավորվի առանց հարազատներին հանձնելու, իսկ մահվան իրական պատճառը չբացահայտվի: Այն օրը, երբ հարազատները մեկնել են գաղութ, վերջինն էր, երբ կարելի էր վերցնել դին, քանի որ եթե մահից 7 օր է անցնում, իսկ դին չեն պահանջում, հուղարկավորում են գաղութում: Հարազատներին ասել են, որ դիահերձման արդյունքում պարզվել է, որ ոչ մի կրիմինալ չկա, Գոռը մահացել է բնական մահով:Սակայն հարազատները քաղաքային դիահերձարանում կարողացել են նկարահնել մարմինը՝ ոտքերի և ձեռքերի կոտրված մատներով, էլեկտրաշոկերի բազմաթիվ հետքերով՝ մարմնի վրա ողջ տեղ չի եղել, միայն դեմքին ձեռք չեն տվել: