1 օգոստոսի 2018 - 10:37 AMT
Վարչապետն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը քննարկել են երևանյան գագաթնաժողովի նախապատրաստումը

Երևանում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Ընդգծելով այդ հարաբերությունների բամաթիվ առումներով առանձնահատուկ որակը՝ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը և վարչապետը մանրամասն քննարկել են հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայնալիք պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետը ՖՄԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է նաև վերջինիս՝ սեպտեմբերի 10-13-ը Երևան կատարելիք պաշտոնական այցի ծրագիրը, որի շրջանակում տիկին Միկայել Ժանը կմասնակցի ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների 11-րդ կոնֆերանսին։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարի և 100 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն: