2 օգոստոսի 2018 - 13:42 AMT
Զատուլին․ ՀՀ հակառուսական ընտրությունը հղի է «ներքին ու արտաքին հետևանքներով»

Եթե Հայաստանի ընտրությունը հօգուտ ՌԴ շահերի չլինի, դա կարող է հանգեցնել «ամենատարբեր ներքին ու արտաքին հետևանքների»: Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Հայաստանում պետք է մտածեն, թե ինչ ընտրություն կանի վարչապետ Փաշինյանը, քանի որ եթե այդ ընտրությունը չփարատի Ռուսաստանի ինչ-ինչ մտահոգությունները, ապա ՌԴ կողմից վարչապետի գործողությունների քննադատությունը կարող է տարբեր հետևանքներ ունենալ, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին»,-ասել է նա:

Զատուլինը նաև հավելել է, որ ՀՀ-ն չի կարող հաշվի չառնել, որ այսօր իր անվտանգությունը մեծապես երաշխավորվում է նաև ՀԱՊԿ-ում անդամությամբ, ռուսական ռազմակայանի առկայությամբ և ՌԴ-ից զենքի մատակարարումներով:

«Այս դեպքում ՌԴ հետ հարաբերություններում դա հղի է բարձր մակարդակում վստահության կորուստով, քանի որ խոսքը մնում է խոսքը, իսկ գործը՝ գործ: Գլխավոր քարտուղարի ձերբակալությունը չի կարող չվնասել կազմակերպության հեղինակությանը: Այստեղ կրկին հարց է առաջանում ՀԱՊԿ կանոնադրության ճիշտ լինելու վերաբերյալ, որտեղ պարտավորությունների հիմնական բեռը կրում է Ռուսաստանը»,-ասել է Զատուլինը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մարտի 1-ի գործով բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով: Մարտի 1-ի գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքն առաջադրվել է Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։ Սակայն դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիության իրավունքից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր 5 մլն դրամ գրավը։