3 օգոստոսի 2018 - 16:43 AMT
ՌԴ ԱԳՆ. Ափսոսում ենք, որ ՆԱՏՕ-ի զորավարժությանը տարբեր պատրվակներով մասնակցում են Վրաստանի հարևանները

Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությունները սնուցում են ռազմատենչ տրամադրությունները, իսկ դրանց իրական նպատակն է ուժային ճնշումը Հարավային Օսիայի, Աբխազիայի և ՌԴ վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, թե Մոսկվան ափսոսում է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններում տարբեր պատրվակներով ներգրավված են նաև Վրաստանի հարևան երկրները, գրում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի 1-15-ը Վրաստանում անցկացվող «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner - 2018) զորավարժությանը մասնակցում է ՀՀ ԶՈւ 4 սպայից բաղկացած խումբը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության հայտարարություն էր տարածել, որ զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:

«Չենք կարող համաձայնվել Վրաստանի ՊՆ այն հայտարարության հետ, թե այդ զորավարժությունները միտված են ապահովելու սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը: Կայունությունը և անվտանգությունը դա կառուցողական երկխոսությունն է, ոչ թե տանկերն ու ուղղաթիռները: Նման զորավարժությունների իրական հետևանքները ռազմատենչ տրամդրությունների սնուցումն է և լարվածության աճը»,-ասել է նա:

Զորավարժություններին մասնակցում է 13 երկիր՝ ՆԱՏՕ-ի անդամներ և գործընկերներ: Մասնակիցների թվում է նաև Ադրբեջանը:

ՀՀ ԶՈւ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:Զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով:

2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը: