6 օգոստոսի 2018 - 14:55 AMT
«Սասնա ծռերը» և ՀԽ-ն կոչ են անում «մեկ մարդու պես» մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին

Հիմնադիր խորհրդարանը և«Սասնա ծռեր» խմբավորումը կոչ են անում «մեկ մարդու պես» մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքը շատ կարևոր մի հանգրվան է ազգի և պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում:

Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանում սկիզբ առած հեղափոխությունը դեռևս գտնվում է սկզբնական փուլում: «Այն իր ավարտին կհասնի, երբ պետությունը ձեռք կբերի լիարժեք ինքնիշխանություն, Արցախն իրավականորեն վերամիավորված կլինի Մայր Հայրենիքին, և երկրում անվերադարձ հաստատված կլինեն ստեղծագործ մարդու ունակությունների դրսևորման ազատ դաշտ ապահովող պետական կառավարման համակարգ և հասարակական հարաբերություններ:

Այս գործընթացում սպասվող հաջորդ ամենակարևոր հանգրվանը ազատ և արդար ընտրությունների կայացումն է: Իշխանությունը կորցրած քրեաօլիգարխիան և նրան հովանավորող կայսերական տերությունը, գիտակցելով, որ ներկապայմաններում ընտրությունների կայացումը համազոր է լինելու իրենց լծակների ամբողջական կորստին, վերջին հուսահատ ճիգերն են ի գործ դնում՝ նպատակ ունենալով հետ շրջել պատմության անիվը:

Նման, թեկուզ և՝ անհավանական զարգացում բացառելու առումով օգոստոսի 17-ի հանրահավաքն ունի համազգային նշանակություն և դրան մասնակցելը յուրաքանչյուր հայի ու ՀՀ քաղաքացու ազգային-քաղաքացիական պարտքն է»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հանրահավաքը պետք է դառնա ոչ միայն կառավարության 100-օրյա գործունեության ամփոփման և Հայաստանի զարգացման հեռանկարների քննարկման հարթակ, այլև՝ համազգային միասնության, ուժի և վճռականության հաղթահանդես:

«Հանրահավաքը պետք է ցույց տա, որ մենք ենք մեր երկրի ու ապագայի տերը, որ Հայաստանի ինքնիշխանության գործընթացն անշրջելի է, Արցախի ազատագրմամբ սկսված Հայրենիքի ամբողջական վերատիրացումը և հայության համամարդկային առաքելության վերաստանձնումը մեր կյանքի իմաստն ու հիմնական նպատակն է, իսկ մենք այդ ամենի կենդանի ժառանգորդներն ու զինվորներն ենք:

Ուստի բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, կոչ ենք անում մեկ մարդու նման մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ խմբավորման, մյուս կողմից, վաղուց ժամանակն է, որ վերջ տրվի առանձին «հայկական պետության» երեսնամյա գոյության խեղկատակությանը և Արցախը լիարժեք իրավունքով և պատասխանատվությամբ իր տեղը գրավի միացյալ Հայրենիքի գրկում:

«Այս հանգամանքն առավել կարևորություն է ստանում այս օրերին, երբ Արցախն ու հատկապես ազատագրված տարածքների գործոնը լկտիաբար շահարկվում են ռեվանշիստ ուժերի կողմից: Ուստի կոչ ենք անում Արցախի մեր հայրենակիցներին և առողջ քաղաքական նախաձեռնություններին և խմբավորումներին նույն օրը և նույն ժամին հանրահավաք կայացնել Ստեփանակերտում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով, «Հիմնադիր Խորհրդարան» կազմակերպությունը և «Սասնա ծռեր» խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց:

«Սասնա ծռեր» խմբավորումը 2016 թվականին գրավել էր Էրեբունու ՊՊԾ գնդը, զոհվել էր 3 ոստիկան։ Թավշյա հեղափոխությունից հետո խմբավորման բազմաթիվ անդամների ու նրանց աջակիցների հանդեպ, դատարանների որոշմամբ, խափանման ձևը փոխվել է, նրանք գրավով ազատ են արձակվել։