7 օգոստոսի 2018 - 15:18 AMT
Արցախի պատգամավորները Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել

Արցախի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր։ Նա կալանավորվել է 2 ամսով: Ավելի ուշ, սակայն, նրա փաստաբանները բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը։ Բացի այդ, ԱԺ 46 պատգամավոր անձնական երաշխավորությամբ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ստորագրել:

ՀՀ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կքննի օգոստոսի 9-ին: