Հայաստանի զինված ուժերն առաջինը երբեք չեն կրակում, իսկ Ադրբեջանի սադրանքներին պատասխանում են թիրախային: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նախիջևանի սահմանին ադրբեջանցի զինվորի վիրավորման լուրին:
«Մենք երբեք սադրանքի չենք դիմում, սադրանքների է դիմում ադրբեջանական կողմը, իսկ հայական կողմը թիրախային պատասխան է տալիս», - նշեց Հովհաննիսյանը:
Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Նախիջևանի սահմանին հայկական կողմի կրակից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Իսրաֆիլով Սամիթ Ադալյաթօղլուն:
Ավելի վաղ համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:
ՀՀ պաշտպանության նախարար դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Նախիջևանում ՀՀ հետ սահմանակից տարածքում, ադրբեջանցիների ԶՈւ դիրքերի տեղաշարժի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: