21 օգոստոսի 2018 - 15:34 AMT
Ծառուկյանի թիկնազորի պետը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ազատ կարձակվի 20 մլն դրամ գրավի դիմաց, «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, հայտնել է Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Նշվում է, որ դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ. գրավն արդեն վճարված է:

Ծառուկյանի թիկնազորի պետը կալանավորվել է հուլիսի 3-ին. նա մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ: Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ավելի ուշ, գործով տուժողը հայտարարել է , թե իրեն չեն հարվածել, այլ «սայթաքել, ընկել է»: