23 օգոստոսի 2018 - 13:03 AMT
Կուսակցություն ստեղծող «Սասնա ծռերը» առաջարկում են արգելել ՌԴ հեռուստաալիքները ՀՀ-ում

2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորումը, որը հայտարարել է կուսակցություն դառնալու մասին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնության սահմանապահները պետք է փոխարինվեն ՀՀ սահմանապահներով և, որ պետք է դադարեցվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, հայտնում է Aysor.am-ը:

Խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ պետք է ազգայնացնել ռուսական պետական կամ պետականամերձ կապիտալին հանձված ռազմավարական օբյեկտները, ազգային վերահսկողություն ստանձնել դրանց նկատմամբ, դուրս գալ այլ պետությունների, ռուսաստանագերակա արտաքին հարաբերությունների ձևաչափից:

Ավելի վաղ, Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր «Սասնա ծռեր» խմբավորման գործունեության դադարեցման ու նույնանուն կուսակցության ստեղծման մասին։ Նա տեղեկացրել էր, որ առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և գրանցման գործընթացը։