25 օգոստոսի 2018 - 14:03 AMT
Վարորդական իրավունքի բալային համակարգ է լինելու, իսկ խմած քշելը կքրեականացվի

Հայաստանում վարորդական իրավունքի բալային համակարգ է ներդրվելու, որը թույլ կտա զրկել կարգազանց վարորդներին մեքենա վարելու իրավունքից։

Այս մասին, «Շանթ» հ/ը հաղորդմամբ, ասել է ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում։

«Վարորդը պետք է գիտակցի, որ կարող է կորցնել վարորդական իրավունքը: Վարորդը պիտի գիտակցի, որ բալերը ոչ միայն տուգանք են լինելու, այլև տուգանքին զուգահեռ բալերը նվազելու են և դառնան 0, իսկ 0-ի դեպքում վարողը կորցնելու է վարորդական իրավունքը», - նշել է Օսիպյանը։

«Ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու նախագծի մեջ անգամ քրեական պատասխանատվության կենթարկենք: Կարծում եմ, որ սա շատ նպաստավոր կլինի»,- ասել է նա:

Օսիպյանն ասել է նաև, որ այն երկրներում, ուր բալային համակարգ է կիրառվել, մեկ ամսվա ընթացքում մահվան դեպքերը նվազել են:

2017 թվականին ՀՀ ճանապարհներին եղել է ավելի քան 3500 ավտովթար, զոհվել է 279 մարդ, վիրավորվել մոտ 5200-ը։