3 սեպտեմբերի 2018 - 16:05 AMT
Բաբլոյան. ՀՀ-ն մասնակցելու է Սիրիայի վերականգնողական աշխատանքներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմիի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցել Սիրիայի վերականգնողական աշխատանքներին, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է արդյունավետ գործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում:

Արա Բաբլոյանը կարևորել է նաև միջխորհրդարանական գործակցության զարգացումը, խորհրդարանականների շփումների ու փոխայցերի ակտիվացումը: Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքների և միջոցառումների համար: