4 սեպտեմբերի 2018 - 12:40 AMT
Instagram-ում ու Facebook-ում զանգվածային խափանում է գրանցվել

Սեպտեմբերի լույս 4-ի գիշերը զանգվածային խափանում է տեղի ունեցել Instagram և Facebook սոցցանցերում, ինչպես նաև հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված Facebook Messenger-ում:

Խափանումներն արձանագրվել են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում:

Twitter-ում օգտատերերը գրում էին, որ չեն կարողանում լայքեր դնել և մեկնաբանություններ գրել Facebook-ում, ինչպես նաև օգտվել Instagram-ից, գրում է Meduza-ն Downdetector ծառայության վրա հղումով:

Նաև տեղեկություններ են ստացվել WhatsApp մեսենջերի աշխատանքի խափանման վերաբերյալ: Ըստ Downdetector-ի, այս դեպքում խափանումները հիմնականում գրանցվել են Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում:

Ըստ ծառայության, գիշերը ժամը 4-ի սահմաններում, օգտատերերն արդեն դադարել են բողոքել զանգվածային խափանումներից:

Instagram-ը և WhatsApp-ը, ինչպես նաև Facebook Messenger-ը, պատկանում են Facebook-ին: